09.12.2022

Ես վստահ էի, որ «Snap»-ը մեծ հաջողություններ կունենա եվ այդպես էլ եղավ

Այսօր «Մանկական Եվրատեսիլի» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ նաև «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ասուլիսը։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա ներկա գտնվել, թե՛ ասուլիսին, թե՛ բուն մրցույթին: Այս շրջանում ես համագործակցում եմ լեյբլի հետ և իրականում ժամանակային առումով բարդ է եղել համատեղել աշխատանքն ու Հայաստանում ներկա գտնվելը, բայց ինձ համար կարևոր է այս մրցույթում ելույթ ունենալը», - ասաց Ռոզա Լինը:

Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլի» պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում: «Վստահ էի որ «Snap»-ը կունենա բարձր ցուցանիշներ Եվրատեսիլում, սակայն այն իր հաջողությունը գրանցեց մրցույթից հետո»։ Ռոզա Լինը կիսվեց նաև իր ունեցած դժվարությունների մասին, որ ունեցել է մրցույթի ավարտից հետո։

«Ամենադժվար ժամերը դրանք մրցույթից հետո էին, բայց մի քանի օր անց ամեն ինչ փոխվեց։ Ինձ համար դա մեծ փորձառություն էր։ Իսկ մեկ ամիս հետո «Snap»-ի հաջողության մի այնպիսի ալիք եկավ, որ չհասցրեցի հասկանալ, թե ինչպես դա եղավ։ Շնորհակալ եմ ընտանիքիս և ընկերներիս։ Ուրախ եմ որ մարդիկ ինձ տվեցին այն սերը որն ինձ հարկավոր էր, եթե չլիներ նման ընդունելությունը և սերը, ես այստեղ չէի լինի»։