08.12.2022

Մարտին Օսթերդալի եվ Հովհաննես Մովսիսյանի մամուլի ասուլիսը

«Մանկական Եվրատեսիլի» մամուլի կենտրոնում այսօր կայացավ մրցույթի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը և Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Մեզ համար չափազանց կարևոր է, որ այս տարի տոնում ենք «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը։ Մրցույթն, իսկապես, կայացել է՝ մի շարք դժվարություններ հաղթահարելով այս տարիների ընթացքում։ «Մանկական Եվրատեսիլի» հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ Երևանում մրցույթի համար անհավանական գեղեցիկ բեմ է կառուցվել, և հրաշալի շոու է պատրաստվել, որը կդիտեք այս կիրակի»,- նշեց մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը։

Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շեշտեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հենց 20-րդ հոբելյանն անցկացնել այստեղ. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել մեր գործընկերների հետ։ Ներգրավել ենք 100-ավոր մասնագետների նաև արտասահմանից մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Համալիրի տարածքում ամեն օր 1000-ից ավելի մարդ է աշխատում հիշարժան շոուի համար, նաև մեծաքանակ տեխնիկա է վարձակալվել, որին էլ ուղղվել է ծախսերի մեծ մասը»։

Մրցույթի կազմակերպիչները ևս մեկ անգամ հորդորեցին չգնել կեղծ տոմսեր, քանի որ մուտքը Մարզահամերգային համալիր թույլատրելի է բացառապես tomsarkgh.am-ից և Telcell ընկերությունից ձեռք բերված տոմսերը։