06.04.2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա Երևանում

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար: Մենք ջանք չենք խնայելու, որ տարեվերջին երաժշտական հրաշքն իրականություն դարձնենք Երևանում»:

«Մանկական Եվրատեսիլը» Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել: 

 «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նկատում է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, և մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում: Մենք ոգևորութամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին: Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգևորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»։

Միջոցառման մասին այլ մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին։