23.11.2018

Մեկնարկում է Մանկական Եվրատեսիլի առցանց քվեարկությունը

 

Օրեր առաջ Հայաստանի պատվիրակությունը ժամանեց «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը հյուրընկալող Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Օդանավակայանում ջերմ ընդունելության արժանացած պատվիրակությունը մասնակցեց «Մանկական Եվրատեսիլի» բացման հանդիսավոր արարողությանը: 
 
Հաջորդ օրը «Մինսկ-Արենայում» կայացավ L.E.V.O.N-ի առաջին փորձը, որը հասանելի է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական յութուբյան էջում՝ հետևյալ հղումով: Նոյեմբերի 23-ի երեկոյան Լևոնը կհանդիպի Բելառուսի հայ համայնքի հետ:  
 
«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մրցութային համերգին մնացել են հաշված օրեր: Արդեն նոյեմբերի 24-ին կկայանա ժյուրիի շոուն, ելույթները կգնահատի միջազգային ժյուրիի կազմը: 
 
2018-ին հեռուստադիտողները կարող են ընտրել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողին առցանց քվեարկությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, նոյեմբերի 23-ին՝ 23:00-ից սկսած, կարող են քվեարկել jesc.tv կայքի միջոցով:
 
Ելույթները դիտելուց հետո հնարավոր է քվեարկել նախընտրած երեք, չորս կամ հինգ մասնակիցների օգտին: Առցանց քվեարկությունը հնարավորություն է տալիս աջակցելու նաև ձեր երկրի մասնակցին: Այսպես հայաստանաբնակները ևս ունեն հնարավորություն քվեարկելու մեր երկիրը ներկայացնող L.E.V.O.N-ի օգտին: 
Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 25-ին՝ «Մանկական Եվրատեսիլից» անմիջապես առաջ, և կվերաբացվի, երբ բոլոր կատարումներն ավարտվեն: Այս անգամ քվեարկությունն իրականացնելու համար տրված կլինի ընդամենը 15 րոպե: 
 
«Մանկական Եվրատեսիլը» ուղիղ եթերով Առաջին ալիքի եթերում կլինի նոյեմբերի 25–ին` ժամը 19:00–ին: