16.11.2018

Մամուլի ասուլիս՝ «Մանկական Եվրատեսիլ 2018»-ին ընդառաջ

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հայաստանյան մասնակցությանը: Ասուլիսի բանախոսներն էին «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ը, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Դավիթ Ծերունյանն ու  Անուշիկ Տեր-Ղուկասյանը, ինչպես նաև Հանրային ՀԸ հասարակայնության և արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Պլատոն:
 
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցը Հանրային հեռուստաընկերության «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղթողն է: «Դեպի Մանկական Եվրատեսիլը» հրաշալի հարթակ է երիտասարդ կատարողների համար: Ըստ էության՝ սա շատերի համար մեծ բեմին ելույթ ունենալու առաջին փորձն էր: 
 
Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև քվեարկության ընթացակարգի փոփոխության մասին: Նախորդ տարիներին երկրները չէին կարող քվեարկել իրենց մասնակիցների օգտին, իսկ քվեարկությունն անցկացվում էր SMS հաղորդագրությունների միջոցով: Այժմ հայ հեռուստադիտողը հնարավորություն ունի քվեարկելու մեր մասնակցի օգտին, իսկ քվեարկությունն անցկացվելու է առցանց տարբերակով: Նոյեմբերի 23-ից հնարավոր կլինի քվեարկել՝ այցելելով մրցույթի պաշտոնական կայք՝ jesc.tv: Յուրաքանչյուր IP հասցեից կարելի է քվեարկել միայն մեկ անգամ 3-5 մասնակցի օգտին։ Քվեարկությունը հասանելի կլինի մինչև եվրատեսիլյան համերգը և կվերաբացվի մասնակիցների ելույթներից անմիջապես հետո՝ 15 րոպեով: Այսպիսով, յուրաքանչյուրս կկարողանա նպաստել հայ մասնակցի հաղթանակին:
 
Լրագրողի այն հարցին, թե անցյալ տարի շատերն ունեցել են խնդիր քվեարկության ընթացքում և արդյոք այս տարի շտկվել են նման խոտանները, Հանրային ՀԸ-ի հասարակայնության և արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Պլատոն պատասխանեց. «Անցյալ տարի նման խնդիր միայն մեզ մոտ չի եղել, տարբեր երկրների հանրային հեռուստաընկերություններ դիմել են Եվրոպական հեռարձակողների միությանը նույն խնդրով: Այնտեղից վստահեցրել են, որ խոտանը գերծանրաբեռնվածության արդյունքում է եղել. Թիֆլիսում անցկացված «Մանկական Եվրատեսիլը» գրեթե երեք միլիոն դիտող է ունեցել: Վստահեցրել են, որ այս տարի նման բան չի լինի»:
 
Հայաստանի ներկայացուցիչ Լևոնը նշեց, որ տրամադրված է վճռական, իսկ հարցին՝ արդյոք թալիսման իր հետ տանելու է Մինսկ, պատասխանեց, որ թալիսման չունի, նման բաների չի հավատում, սակայն կարծում է, որ իր երգն ու պարը բաղձալի հաղթանակ կարող են բերել:
 
Պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը անդրադարձավ նաև եվրատեսիլյան բեմադրությանը. «Հետաքրքիր լուծումներ են լինելու, Լևոնը բեմին հանդես է գալու միայնակ, սակայն օգտագործելով հսկայական լեդերը՝ մենք կստանանք պարային յուրահատուկ համար: Իսկ Լևոնի կերպարը փոփոխության չի ենթարկվի, քանի որ այս կերպարն արդեն սիրված է հասարակության կողմից»:  
 
Նոյեմբերի 17-ին պատվիրակության ղեկավարներն ու մասնակիցը մեկնելու են Բելառուս, իսկ ահա նոյեմբերի 25-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2018-ը»: