Մերին ու Անահիտը զբաղեցրին երկրորդ հորիզոնականը
«Մանկական եվրատեսիլ-2016» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը զբաղեցրին երկրորդ հորիզոնականը: Մրցույթում այս տարի Հայաստանը, ընդհանուր առմամբ, արժանացավ 232 միավորի և ընդամենը 7 միավորով զիջեց առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին: 209 միավորով երրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այս տարի Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայացած մրցույթին Հայաստանը ներկայացավ «Տարբեր» երգով: Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:
Ի դեպ, մրցույթի քվեարկության կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ էին մտցվել: Այս տարի հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: Հեռարձակման գործընկերն էր Վալան պրոֆ ընկերությունը: