Մերին ու Անահիտը՝ «Մանկական Եվրատեսիլ-2016»-ի և սպասելիքների մասին
«Մանկական Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը Մալթա մեկնելուց առաջ այսօր հանդիպում ունեցան հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կիսվեցին իրենց տպավորություններով, ինչպես նաեւ ներկայացրին մրցույթի նախապատրաստական ընթացքը: Մամուլի ասուլիսին աղջիկները ներկայացել էին OVS խանութ-սրահի հագուստներով:
Թեև աղջիկները ներկայանալու են «Տարբեր» երգով եւ եվրատեսիլյան բեմից ներկայացնելու են իրենց տարբերությունները, այնուամենայնիվ դա չի խանգարում լինել շատ լավ ընկերներ: «Տարբերությունները չեն խանգարում, որպեսզի լինենք լավ ընկերուհիներ։ Մեզ համար շատ կարեւոր է միավորվել եւ պատվով ներկայացնել մեր Հայաստանն ու մեր հողը այդ հեղինակավոր մրցույթում։ Մրցույթից ամենակարեւորը դա ենք ակնկալում», - նշեցին աղջիկները։
Ինչպես գրեթե բոլոր երգիչների, այնպես էլ Մերիի և Անահիտի համար «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը մեծագույն երազանք է եղել: «Միշտ եմ հետեւել այս մրցույթին եւ ցանկացել մի օր հայտնվել այդ բեմի վրա։ Շատ ուրախ եմ, որ շուտով երազանքս կկատարվի»,-ասում է Անահիտը՝ խոսքը փոխանցելով Մերիին. «Ես էլ միշտ ինձ պատկերացրել եմ այդ բեմի վրա՝ շրջապատված գեղեցիկ լույսերով։ Միշտ ցանկացել եմ երգել այդ բեմի վրա, երազել եմ, որ իմ օգտին քվեարկեն։ Ճիշտ է՝ այս տարի հեռուստադիտողի քվեարկությունը չկա, բայց հուսով եմ՝ մասնագետները բարձր կգնահատեն մեր ելույթը»։
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը:
Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: Երգում ներկայացվում է հակադիր պայքար, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:
Ի դեպ, մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ մրցույթում Հայաստանի նախորդ տարվա ներկայացուցիչ Միկան, ով աղջիկների համար անակնկալ էր պատրաստել՝ նրանց նվիրելով այն նույն թալիսման տիկնիկներից, որոնցից մեկն իրեն ուղեկցում էր ողջ մրցույթի ընթացքում։
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաեւ մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:
Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան: