Սոֆիան կհյուրընկալի «Մանկական եվրատեսիլ 2015»–ը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան Արևելյան Եվրոպայի ամենահին քաղաքներից է: Այն աշխարհին ներկայանում է հազարամյա պատմությամբ և հարուստ մշակույթով: Սոֆիան Եվրամիության մեծությամբ թվով 14-րդ քաղաքն է և ունի շուրջ 1.3 մլն բնակչություն, մայրաքաղաք է հռչակվել 1879 –ին: Սոֆիայում են գտնվում երկրի կարևոր կառույցներն ու հաստատությունները՝ համալսարաններ, նախարարություններ, մշակութային կենտրոններ և այլն: Քաղաքի գեղեցիկ փողոցները, առևտրի կենտրոնները և գիշերային աշխույժ կյանքը յուրաքանչյուր տարի գրավում են հազարավոր այցելուների՝ դարձնելով Սոֆիան Արևելյան Եվրոպայի ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկը:
Աշխարհագրական դիրքը
Սոֆիան գտնվում է Բուլղարիայում՝ Վիտոշա լեռան ստորոտին: Լեռը տեսանելի է մայրաքաղաքի գրեթե բոլոր լուսանկարներում: Բուլղարիան զբաղեցնում է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Բալկանյան թերակղզու կենտրոնական մասը: Հարևան երկրներն են Սերբիան, Ռումինիան, Մակեդոնիան և Հունաստանը: Երկրի արևելյան սահմանը ողողող Սև ծովը գրավում է զբոսաշրջիկներին ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը:
Մշակույթ և տեսարժան վայրեր
Քաղաքի անունը ծագում է հին հունական «Սոֆիա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «իմաստություն»: Եվ հաճախ թվում է, որ քաղաքի կառուցման հիմքում հենց իր անվան ստուգաբանությունն է ընկած: Ինչպես Հայաստանը, Բուլղարիան ևս ունի հարուստ մշակույթ և բազում կոթողներ ու եկեղեցիներ, որոնք երկրի ազգային խորհրդանշաններն են: Ոսկե գմբեթ ունեցող Սուրբ Ալեքսանդր Նևսկու կոթողն ամենամեծն է Բալկանյան թերակղզում: Այն գտնվում է Սոֆիայի կենտրոնում՝ Խորհրդարանի շենքի հարևանությամբ: Այստեղ է նաև տարածաշրջանի պատմության ամենամեծ ինստիտուտը՝ Պատմության ազգային թանգարանը, որտեղ ցուցադրվում է ավելի քան 600 ցուցանմուշ: Սոֆիայում է գտնվում Բալկանների ամենահին օպերային թատրոնը, որը մի քանի անգամ վերանորոգվելուց հետո իր դռներն է բացել բոլոր հյուրերի առջև: Սոֆիայում գործող մետրոպոլիտենը զգալիորեն հեշտացնում է բնակչության և հյուրերի երթևեկությունը: Այստեղ է նաև լեգենդար Armeec համերգասրահը, որն այս տարի կհյուրընկալի «Մանկական եվրատեսիլ-2015» մրցույթը: