11.07.2015

Հայաստանը կմասնակցի «Մանկական եվրատեսիլ- 2015» երգի մրցույթին

«Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Այս տարի Առաջին ալիքը կանցկացնի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի եւ երգի ներքին ընտրություն: Մասնակցի անունը հայտնի կդառնա հուլիսի 1-ին:

Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր)  նշանաբանի ներքո: Ինչպես նշում է Բուլղարիայի ազգային հեռուտատեսության ներկայացուցիչ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Յոանա Լեւիեւա Սոյերը, պատանիները յուրաքանչյուր օր բացահայտում են աշխարհը եւ իրենց երազանքները: «Շոուի միջոցով ուզում ենք երեխաների համար ստեղծել բացահայտելու մի նոր աշխարհ: Մենք նաեւ հրավիրել ենք «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող Վինչենցոյին, ով անցած տարի մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած Կրիսայի, Հասանի  եւ Իբրահիմի հետ այդ աշխարհի մասը կկազմեն: Եվրոպայի երեխաներին սիրով ասում ենք բարի գալուստ Բուլղարիա եւ խոստանում անմոռանալի փորձառություն»,- նշել է Յոանա Լեւիեւա Սոյերը:

Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել  է 2011-ին, կհյուընկալվեն շուրջ 8 000 հանդիսական: Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը եւ այլն:

Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ - 2014» mմրցույթ հաղթող էր ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն, երկրորդ տեղում Բուլղարիայի ներկայացուցիչներ Քրիսիան, Հասանը եւ Իբրահիմն էին, իսկ երրորդ տեղում էր Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին: