16.11.2014

«Մանկական եվրատեսիլ-2014»-ում ՀՀ մասնակիցը գրավեց երրորդ տեղը

Մալթայում ավարտվեց «Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթը: Հայաստանը մրցույթում ներկայացրեց 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով։ Նա հրաշալի ելույթ ունեցավ, չնայած բեմ էր բարձրացել 39 աստիճան ջերմությամբ:

Բեթթին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` 144 միավորով, հանդիսատեսի եւ ժյուրիի 50-50 քվեարկության արդյունքում։ Մրցույթում հաղթեց Իտալիան ներկայացնող Վինչենցոն` իր առաջին սիրո մասին պատմող երգով: Երկրորդ տեղում Բուլղարիան էր: Ժամանակ առ ժամանակ Հայաստանը հայտնվում էր առաջին տեղում, ապա իջնում երկրորդ ու երրորդ` կախված տարբեր երկրների՝ Հայաստանին տված միավորներից:

Ի դեպ, Հայաստանին 12 միավորներ տվեցին Բելառուսն ու Բուլղարիան, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանն ու Մալթան: Հայաստանը 10 միավոր ստացավ միայն Նիդերլանդներից: 8 միավորներ տվեցին Շվեդիան, Սլովենիան, 7 միավոր` Սան Մարինոն, 6 միավոր` Խորվաթիան, Սերբիան, իսկ Մոնտենեգրոն եւ Իտալիան Հայաստանին փոխանցեցին 2-ական միավոր: Հայաստանն իր 8 միավորը տվեց Մալթային, 10 միավորը` Ռուսաստանին, իսկ 12 միավորը` Վրաստանին:

Հայաստանի միավորները հայտարարում էր «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը: Մրցույթը ուղիղ եթերով ցուցադրում էր Առաջին ալիքը, մեկնաբանում էր հաղորդավար Ավետ Բարսեղյանը։

«Մանկական եվրատեսիլին» այս տարի մասնակցում էին 16 պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Սան Մարինոն եւ Ուկրաինան: