04.11.2014

Մրցույթին առաջին անգամ ներկայացվեց սելֆի ոճում արված տեսահոլովակ

«Մանկական եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը կներկայացնի 11- ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյանը) «Արևի մարդիկ» երգով։ Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ֆիքսեց, որ այս երգը ճիշտ Բեթթիի մասին է։ 11-ամյա երգչուհին արևի պես ջերմ ու լուսավոր է, ունի բազմաթիվ հետաքրքրություններ, երազանքներ։ Դպրոցից բացի նաև լրջորեն զբաղվում է վոկալով, հաճախում է դասական պարերի խմբակ, իսկ ձեռագործը, ասեղնագործությունն ու օրիգամին էլ նրա առօրյայի անբաժան մասն են։ Այս ամենին զուգահեռ աղջնակն արդեն հասցրել է հաջողությունների հասնել նաև հեռուստատեսությունում։ Բեթթին Հայաստանի պատանի հաղորդավարներից է, ով ակտիվ հեռուստատեսային գործունեություն է վարում։

Արևոտ ու պայծառ «Արևի մարդիկ» երգի համահեղինակներն են Մանե Հակոբյանն ու Ավետ Բարսեղյանը։ Գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է։ Շուրջ մեկ շաբաթ առաջ ներկայացված տեսահոլովակն իր տեսակի մեջ յուրօրինակ է։ Այն նկարահանել է հենց Բեթթին՝ selfie-վիդեո տարբերակով։ Տեսահոլովակի  նկարահանման հետ կապված մնացյալ աշխատանքներն իրականացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը։ Գրեթե մեկ շաբաթում հոլովակը YօuTube-ում հավաքել է ավելի քան 56 000 դիտում։

Այս տարի «Մանկական եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի միավորները կհայտարարի նախորդ տարվա հայաստանյան ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը։ Մրցույթն անց է կացվելու նոյեմբերի 15-ին Մալթայում։ Մասնակից 16 պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա։ Այս տարվա կարգախոսն է #tօgether հեշթեգը։