Հայաստան – թանգարան բաց երկնքի տակ
Հայաստանը գեղեցիկ, անմոռանալի բնությամբ և բարեսիրտ մարդկանցով տարածաշրջան է, որտեղ ամենուր զգացվում է դարավոր մշակույթի ոգին: Երկրի հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունն իրենց հետքն են թողել համաշխարհային պատմության վրա: Այդ հետքերից մեկը քրիստոնեությունն է, որի վառ ապացույցն են աշխարհով մեկ սփռված մոտ 1 600 եկեղեցիները: Անհնար է նորանոր գանձեր չհայտնաբերել Հայաստանում. այս պատմական տարածաշրջանը լի է հինավուրց քանդակներով և յուրահատուկ մշակույթով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայկական եկեղեցու հոգևոր կենտրոնն է: Այն կառուցվել է 303 թվականին, վերականգնվել 1441-ին ու պահպանվում է մինչև այժմ: Իր հոգևոր նշանակությունից զատ՝ տաճարը քանդակագործական յուրօրինակ գոհար է, որը տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՈ-ի Աշխարհի ժառանգության ցուցակում:
Գեղարդը միջնադարյան տաճար է, որ գտնվում է Կոտայքի մարզում: Այն կիսով չափ փորված է մոտակա սարից և շրջապատված է ժայռերով: Տաճարը նույնպես գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Աշխարհի ժառանգության ցուցակում:
Զվարթնոցը հայկական տաճար է՝ կառուցված 7-րդ դարում: Այն կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը, նրա ավերակները թաղված են եղել հողի տակ մինչև 20-րդ դարը: 2000-ին Զվարթնոցը նույնպես ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Աշխարհի ժառանգություն ցուցակին:
Հաղպատի մենաստանը, որ նաև հայտնի է որպես Հաղպատավանք, միջնադարյան հայկական մենաստան է՝ կառուցված 10-րդ դարում: Հետաքրքիր է, որ Սանահինը կառուցվել է Հաղպատավանքի մոտակայքում գրեթե նույն ժամանակահատվածում: Հաղպատը և Սանահինը նույնպես ներառված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի Աշխարհի ժառանգության ցուցակում:
Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Տաթևը 9-րդ դարի հրաշաքանդակ է՝ կանգնած Որոտան գետի անդնդախոր ձորի ծայրին։ Հայկական պատմության ամբողջ ընթացքում Տաթևը քաղաքական, տնտեսական, հոգևոր և մշակութային կենտրոն է եղել: Վանքը նաև ճանաչված է իր ճոպանուղով, որն ամենաերկարն է աշխարհում: 2010-ի հոկտեմբերին Տաթևը ներառվել է Գինեսի Աշխարհի ռեկորդների գրքում:
Սևանա լիճն ամենամեծ լիճն է ոչ միայն Հայաստանում, այլև Կովկասյան տարածաշրջանում։ Լիճը նաև աշխարհի մաքուր խմելու ջրի աղբյուրներից մեկն է: Սևանավանքը կառուցվել է Սևանա լճի կղզու վրա, սակայն վերջերս կղզին վերածվել է թերակղզու:
Արարատյան դաշտում գտնվող Խոր Վիրապը հայկական առաքելական եկեղեցու մենաստան է: Թուրքիայի ահմանին շատ մոտ գտնվող կառույցը Գրիգոր Լուսավորչի բանտն էր, նա փակված էր այդտեղ 14 տարի շարունակ, քանի դեռ Հայաստանը չընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին:
Միայն գրքեր կարդալով և լուսանկարներ նայելով հնարավոր չէ զգալ և ըմբռնել իրական Հայաստանը: Անհրաժեշտ է ներկա գտնվել այստեղ, շրջել բազմաթիվ հրաշագեղ վայրերով և դարավոր պատմությամբ լի այս հինավուրց երկրով մեկ։ Այստեղ գտնվելով կյուրացնեք ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պատմությունը: