Արծվիկ
Արծվիկ Armenia
  • Song

    Fly with me

  • Երաժշտության հեղինակ (ներ)

    Լիլիթ Նավասարդյան, Լևոն Նավասարդյան

  • Խոսքերի հեղինակ (ներ)

    Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան

Արծվիկ

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթող Արծվիկը։ 

Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանում: Ծնունդից 5 տարի անց Արծվիկի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա: Մաթեմատիկական ուղղվածություն ունեցող դպրոցում ուսում ստանալուց հետո, Արծվիկն իր կրթությունը որոշում է շարունակել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում` փորձելով իր ապագան կապել հոգեբան-լոգոպետի մասնագիտության հետ: Դրան զուգահեռ նաեւ փորձել է իր ներուժը դրսևորել բազում այլ ասպարեզներում, սակայն երաժշտությունը ‹‹հաղթանակել›› է: 

Արծվիկը երգի ու երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ վաղ մանկության տարիքից` հարուցելով ընտանիքի անդամների զարմանքն ու հիացմունքը: Սակայն այս հարցում որոշիչ է դառնում 1992 թվականը, երբ պատահաբար հեռուստատեսությամբ դիտած ‹‹Թիկնապահը›› ֆիլմը եւ ‹‹ծանոթությունը›› Ուիթնի Հյուսթոնի հետ ստիպում է Արծվիկին հասկանալ, որ իր ապագան անխուսափելիորեն կապված է լինելու երաժշտության հետ:  Այնուամենայնիվ, տվյալ ասպարեզում գործունեություն ծավալելու համարձակություն Արծվիկը ձեռք է բերում տարիներ անց միայն. ամանորի տարեմուտի գիշերը երազանք պահելիս՝ Արծվիկը վերջնականապես որոշում է զբաղվել միայն ու միմիայն երգարվեստով: Որոշումն ընդունելուց անմիջապես հետո սկսվում է ստեղծագործական ակտիվ շրջան:

2012 թվականին Արծվիկը դառնում է “Jazz Parking” նախագծի անդամ: Նույն թվականին հաջողությամբ մասնակցում է նաեւ միջազգային “The Voice” նախագծի ռուսական տարբերակին:

Կարճ ժամանակահատվածում Արծվիկը հասցնում է ճանաչում ձեռք բերել եւ սիրվել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ` Հայաստանում: Ստեղծագործական բուռն ընթացքը ստիպում է երկրպագուներին պարբերաբար նոր երգերով ու կատարումներով ներկայանալ, որոնց շարքում ինչպես ժողովրդական եւ գուսանական մի շարք երգեր են (‹‹Դու իմ մուսան ես››, ‹‹Թամամ աշխարհ››, ‹‹Արի, արի››), այնպես էլ՝ էստրադային (“Why”, “No fear”, “I Say Yes”, “Сестры по духу”) եւ այլն: Արծվիկը մասնակցում է համերգների եւ երաժշտական փառատոնների ոչ միայն Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այլեւ՝ Հայաստանում:

Թեեւ Արծվիկը միշտ էլ փորձել է ամուր կապ ստեղծել հայրենիքի հետ, այնուամենայնիվ, հենց 2016 թվականին է նա որոշում կայացնում վերադառնալ Հայաստան եւ մասնակցել Առաջին ալիքի ‹‹Դեպի եվրատեսիլ›› համահայկական երաժշտական նախագծին: Պատճառներից մեկն էլ այն էր, որ Արծվիկը միշտ էլ ցանկացել է Հայաստանը ներկայացնել երգի համաեվրոպական մրցույթին ու հայաստանյան մրցույթը լավագույն հարթակն էր, որն Արծվիկը որոշեց բաց չթողնել: Ողջ նախագծի ընթացքում, ստանալով ժյուրիի եւ հեռուստադիտողների կողմից ամենաբարձր միավորները եւ վայելելով երկրպագուների սերը՝ Արծվիկը հնարավորություն է ստանում մայիսին Հայաստանը ներկայացնելու Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք ‹‹Եվրատեսիլ-2017››-ին: Ողջ նախագծի ընթացքում Արծվիկին աջակցել է թիմի ղեկավար, ‹‹Եվրատեսիլ-2015››-ի հայաստանյան ներկայացուցիչ “Genalogy” խմբի անդամ Եսայի Ալթունյանը: