Եվրատեսիլ 2023-ին կփոխվեն քվեարկության կանոնները
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հայտարարեց, որ գալիք տարվա Եվրատեսիլին կիսաեզրափակչի և եզրափակչի քվեարկություննները կանցկացվեն փոփոխված կանոններով։ Փոփոխությունները վերաբերում են քվեարկությանը մասնակցող երկրներին և քվեարկության եղանակներին։
Կիսաեզրափակչի արդյունքները կորոշվեն միայն դիտողների քվեարկությամբ
2009 թվականից մինչև հիմա ամփոփումն իրականացվում էր՝ հաշվի առնելով դիտողների քվեարկության արդյունքները և ժյուրիի գնահատականը։ Եվրատեսիլ 2023-ի կիզաեզրափակիչ փուլին մասնակցող երկրների ճակատագրերը կորոշեն միայն մրցույթին հետևողները՝ առանց ժյուրիի կողմից տրվող միավորների։
Չմասնակցող երկրները նույնպես կքվեարկեն
Նոր որոշման համաձայն՝ Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ քվեարկության իրավունք կստանան նաև մրցույթին չմասնակցող երկրներում բնակվողները։ Նրանց քվեները կդառնան միավորներ և կունենան նույն արժեքը, ինչ մասնակցող երկրներից ստացվածները։ Մասնակցող երկրները առաջվա պես կկարողանան քվեարկել SMS հաղորդագրությամբ, հեռախոսով կամ Եվրատեսիլի հավելվածով, իսկ չմասնակցող երկրները՝ միայն առցանց հարթակով՝ օգտագործելով իրենց բանկային քարտերը։
Ժյուրին կշարունակի քվեարկել եզրափակչին
Ի տարբերություն կիսաեզրափակչի թարմացված կանոնների՝ եզրափակչում քվեարկության կարգը մնում է նույնը․ վերջին փուլում մասնակցող երկրների արդյունքները կորոշվեն՝ հիմնվելով ինչպես հեռուստաքվեարկության, այնպես էլ պրոֆեսիոնալ ժյուրիի տված միավորների վրա։