30.11.2018

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը

Այսօր՝ Առաջին ալիքի «Լավ երեկո» հաղորդաշարի ընթացքում Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը հայտարարեցին, որ Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն. «Մեր մասնակցի ընտրության որոշումը միաձայն է եղել: Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթի երկրպագուներից շատերը հենց նրան էին ուզում տեսնել եվրատեսիլյան բեմում: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ  կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»:   

 «Երկար ժամանակ է ինչ հետևում եմ Սրբուկի գործունեությանը, նախագծերից մեկի ժամանակ միասին ենք աշխատել: Կարող եմ առանձնացնել նրա աշխատասիրությունն ու յուրօրինակ էներգետիկան, որոնք եվրատեսիլում լավ  արդյունքի հասնելու ամենակարևոր բաղադրիչներից են»,- նշեց պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

«Ես սկսում եմ մի նոր ճամփորդություն, որը վստահ եմ լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։ 

Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»,- հավելեց Սրբուկը:

Սրբուկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում Ուկրաինական “The Voice” նախագծին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ: