21.03.2018

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան «Քամի»

Եվրատեսիլի յութուբյան պաշտոնական ալիքում կայացավ «Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի պրեմիերան:

«Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, բեմադրող օպերատոր` Սուրեն Թադևոսյան, ոճաբան` Արամ Նիկոլյան, լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի:

«Երբ առաջին անգամ լսեցի երգը հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ, տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգևիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին» - ասել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

«Այս տեսահոլովակը իմ և Հանրային հեռուստաընկերության առաջին համագործակցությունն է և պետք է ասեմ, որ նկարահանումները շատ լավ են ընթացել: Նկարահանման ընթացքում մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել՝ ի դեմս ռեժիսոր Արթուր Մանուկյանի, ով շատ լավ գիտի, թե ինչպես է պետք կադրի միջոցով փոխանցել երգի և երգչի զգացմունքները: Տեսահոլովակում, ինչպես բեմում, շատ անկեղծ եմ: Հուսով եմ հանդիսատեսին դուր կգա մեր կատարած աշխատանքը» - ասել է Սևակ Խանաղյանը:

Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը հանդես կգա «Եվրատեսիլ 2018» երգի միջագային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: