Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ 2017»-ի պաշտոնական բացման արարողությանը. ֆոտո
«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է մրցույթի պաշտոնական բացման արարողությանն ու պատասխանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Արծվիկը կարմիր գորգի արարողությանը ներկայացել էր հայ դիզայներ Ֆաինայի մոդելավորած բաց վարդագույնի երանգներով ոսկեգույն հագուստով եւ իր տեսքով հիացրել ներկաներին:
«Արծվիկի կարմիր գորգի զգեստը ստեղծելիս ցանկացել եմ, որ այն շատ տարբերվի բեմական հագուստից, կերպարից, որպեսզի մենք տեսնենք երկու տարբեր Արծվիկ: Ինչպես Ամստերդամի ելույթի համար, այնպես էլ այստեղ հագուստի հիմքում տաբատն է եւ բավական լայն շրջազգեստը, որը շատ նորաձեւ է այժմ: Մենք այդկերպ ցանկացել ենք համադրել կանացիությունն ու հարմարավետությունը, որպեսզի Արծվիկն իրեն ինքնավստահ զգա կարմիր գորգի վրա», - նշում է Ֆաինան:
Արարողության ընթացքում մասնակիցները երկինք բաց թողեցին խորհրդանշական դրոշները. Արծվիկը երկինք ուղարկեց հայկական եռագույնը:
Միջոցառման ընթացքում «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցները միմյանց ճանաչելու, շփվելու եւ կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունեցան:
Արծվիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային հայտնի լրատվամիջոցների` այդ թվում BBC ONE, BBC Radio, ORF, RTL, RAI, UA: PBC եւ այլն:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաև Արծվիկի պաշտոնական էջերում՝ Facebook, Instagram, Twitter: