Արծվիկը հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի նախարարությունում
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ողջունելով Արծվիկին՝ նախարարը նշել է, որ այս անգամ էլ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը Սփյուռքի մեր հայրենակիցն է: Նա մասնավորապես նշել է. «Որախ եմ, որ այս անգամ նորից սփյուռքահայ է ներկայացնելու Հայաստանը: Թեեւ Արծվիկը ծնվել է Հայաստանում, բայց Ռուսաստանում է անցկացրել գիտակցական կյանքը եւ այնտեղ է կայացել որպես երգչուհի, կարողացել է իր անունը թողնել Ռուսաստանի մշակութային կյանքում: Հատկանշական է նաեւ, որ Արծվիկը ներկայացնելու է Հայաստանը, ինչը խոսում է նրա հայրենասիրության, հայ մշակույթի հանդեպ նրա սիրո մասին: Ուզում եմ, որ նա իր ելույթով փայլի Եվրատեսիլի բեմում, որ հայությունը հպարտանա նրա հաղթանակով: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի»:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար ու հավելել, որ կապը Սփյուռքի նախարարության հետ ավելի է սերտացել:
Արծվիկը պատմել է, որ իր երազանքն է լինել եվրոպական այս հեղինակավոր բեմում: Նա հավաստիացրել է, որ դա նաեւ մեծ պատասխանատվություն է, ու ամեն ինչ կանի Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: