Արծվիկը Կիեւ մեկնելուց առաջ հանդիպեց հայ լրագրողներին
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը Կիեւ մեկնելուց առաջ հանդիպեց հայ լրագրողներին, ներկայացրեց մրցույթին առնչվող բոլոր մանրամասները, ինչպես նաեւ որոշակիորեն բացեց փակագծերը շոուի վերաբերյալ: Ասուլիսին մասնակցեցին նաեւ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու “Fly with me” երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին պատմեց իր նախաեվրատեսիլյան զգացողությունների ու հույզերի, նախապես տեսած խորհրդանշական երազի ու հաղթանակը Հայաստան բերելու երազանքի մասին: «Անցած տարի շատ խորհրդանշական երազ տեսա այն մասին, թե ինչպես եմ կանգնած եվրատեսիլյան բեմի վրա ու երգում: Մի քանի օր անց, լսեցի, որ «Դեպի եվրատեսիլ» մրցույթն է անցկացվում ու միանգամից հիշեցի երազիս մասին: Թեեւ մրցույթին մասնակցելու որոշումը միանգամից չկայացրի: Այնուամենայնիվ, փորձեցի, ու դուք այժմ տեսնում եք արդյունքները; Այդ իսկ պատճառով, ես բոլորին կոչ եմ անում միշտ հետեւել իրենց երազանքներին, գնալ մինչեւ վերջ, միայն այդ դեպքում դրանք միանշանակ իրականություն կդառնան»,- նշեց Արծվիկը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը խոսեց թիմային աշխատանքի կարեւորության ու «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաջողության մասին:
Կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը, ով արդեն եվրատեսիլյան երրորդ երգն է գրում, խոստովանեց, որ ինքն իրենից չէր սպասում նման երգ: Երաժշտության հեղինակը մանրամասնեց ստեղծագործության կառուցվածքի մասին ու հավելեց, որ չնայած երգում առկա են տարբեր ազգությունների էթնիկ ելեւէջներ, հիմքում հայկական ժողովրդական «Յար խուշտա»-ն է:
Հնչեցին հարցեր բեմադրության, հագուստի, կերպարի վերաբերյալ: Գոհար Գասպարյանը պատմեց լրագրողներին, որ այս տարի եւս, ինչպես նախորդ տարի, բեմադրությունը վստահված է շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստին, ով իր բեմադրության յուրօրինակությամբ կրկին կզարմացնի հանրությանը: Բեմում կգերիշխի վարդագույնը:
Կիեւում Արծվիկը ելույթ կունենա 2 շվեդ պարողների ու 3 բեք-վոկալիստների հետ: Արտիստի կերպարի եւ հագուստի վրա աշխատել է դիզայներ Ֆայինան:
Հանդիպման վերջում Արծվիկը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նրա կողքին են, իրեն յուրաքանչյուր հարցում օժանդակող ու աջակցող Հանրայինի թիմին, երկրպագուներին ու կատարեց մի հատված “Fly with me” մրցութային երգից: