21.04.2017

Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը

Նկարահանվել է «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ: Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը: Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաև այն ակնթարթերը, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին: 
 
Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինի Արծվիկի կյանքի ամենահիշարժան և տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի Եվրատեսիլ»-ում: Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի թռիչքը օդապարիկով, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը: Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային “Fly with me” երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը: Ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում, նրանք կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ:
 
«Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջև՝ ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս»,- նշում է Արծվիկը: 
 
Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր եւ յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը: Բացի այդ, ներկայացվում է նաև ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են բեք-վոկալիստներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը և երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է հայկական խնջույքներին գինեխմության ավանդույթը: 
 
Նկարահանումներին աջակցել են “Skyball” ընկերությունն ու «Մալոկո» սրճարանը: