Արծվիկը հատել է 1 մլն դիտումների շեմը
«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի “Fly with me” հայաստանյան երգը եվրատեսիլի պաշտոնական յութուբի ալիքում շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ միլիոն դիտումների շեմը: Արծվիկի թռիչքը շարունակում է նորանոր սահմաններ գրավել եւ առիթ դառնալ բուռն քննարկումների ու վերլուծությունների ինչպես մեր հայրենակիցների շրջանում, այլեւ միջազգային հանրության:
Հիմնական քննարկումների թիրախում Արծվիկի կողմից մեկնարկած եվրատեսիլյան նոր challenge-ն է, որի շրջանակում Արծվիկը կատարում է մասնակից երկրներից որեւէ մեկի ժողովրդական երգը՝ ակնկալելով նրա կողմից հայկական երգերից մեկի կատարումը:
Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Celebrate Diversity Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական "The Jasmine" երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Երրորդ մարտահրավերի ընթացքում էլ Արծվիկը կատարեց վրացական “Moxevis qalo Tinao” երգը` ի պատասխան լսելով «Լորիկ» ստեղծագործությունը:
Challenge-ի կատարումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ #CelebrateDiversityChallenge:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաեւ սոցիալական էջերում՝ Facebook, Instagram, Twitter.