27.03.2017

Եվրատեսիլի Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգն ընդունեց Արծվիկի մարտահրավերը

«Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչ, մեր հայրենակից Հովիգն ընդունեց Արծվիկի նախաձեռնած եվրատեսիլյան challenge-ի մարտահրավերը: Նա ֆեյսբուքյան իր էջում տարածել է հաղորդագրություն՝ ուղղված Արծվիկին, որտեղ շնորհակալություն է հայտնում իր ամենասիրելի «Երազ իմ երկիր հայրենի» երգը կատարելու հնարավորության ընձեռնման համար: Հայ երկրպագուները մեծ ոգեւորությամբ ընդունեցին Հովիգի կատարումը: Այն շատ հուզիչ էր ու տարբերվող. կիպրոսյան ներակայացուցչի զգացմունքային կատարման մեջ լսվում է հարազատ հողի կարոտը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արծվիկը հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերի մեկնարկի մասին ու կոչ արել մրցույթի այս տարվա մասնակիցներին տոնելու բազմազանությունը՝ ցույց տալով, որ այն կարող է միավորել բոլորին: Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Կատարումները կարող եք վերհիշել հետեւյալ հղումով՝ Արծվիկը մեկնարկել է եվրատեսիլյան նոր մարտահրավեր։ 

Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական "Το γιασεμίν" (The Jasmine) երգը, որն էլ կարող եք լսել հետեւյալ հղումով՝ Արծվիկի հերթական մարտահրավերն ուղղված է Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգին։