17.03.2017

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերային ժամեր են մնացել

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը՝ մարտի 18-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Հայաստանյան պատվիրակ Արծվիկը մայիսի 9-ին կկատարի ''Fly with me'' երգը՝ եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին հրավիրելով արծվային հիշարժան ճախրանքի: 
 
''Fly with me'' երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:
 
Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների, ընդհանրությունների վրա և զարգացնում է մրցույթի այս տարվա՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորելով ամենանվիրական զգացմունքը՝ սերը, համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, ու դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար: 
 
Տեսահոլովակում ևս պահպանված է երգի մեղեդային գիծը և ոճաբանորեն փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ: Տեսահոլովակում ինքնատիպ բեմադրությամբ և լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արևի ճառագայթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ: 
 
Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը: 
 

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.amwww.eurovision.am կայքերում, ինչպես նաև Արծվիկի սոցիալական FacebookInstagramTwitter պաշտոնական էջերում