02.03.2016

Կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ:

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը:

«Ես ցանկացա երգել այն զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ՝ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում և հուզում »,- ասում է Իվետա Մուկուչյանը:

Մրցութային երգի տեսահոլովակը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “Blacksheep communications”-ի համատեղ արտադրությունն է: Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արևիկ Սիմոնյան) նորաձևության տան հետ:

Տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ:

Իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնել սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը:  Հերոսների զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումներով:

Հիշեցնենք, որ տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ եւ հանդիսանում դրանց գովազդային դեմքը: Նա նաև մեծ մասսայականություն է վայելում սոցցանցերում: