29.12.2015

Իվետա Մուկուչյանի բացառիկ հարցազրույցը ESCBubble.com կայքին

Ողջույն Իվետա: Շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար:

Ինչպե՞ս ստացաք Եվրատեսիլ 2016-ում Հայաստանը ներկայացնելու առաջարկը: Ի՞նչ զգացողություններ ունեիք:

Ողջույն, ես նույնպես շնորհակալ եմ:

Պետք է ասեմ, որ շատ ուրախացա, երբ Հանրային հեռուստաընկերությունից ստացա այս առաջարկը: Միաժամանակ տարբեր զգացողություններ ունեի: Անչափ հուզված էի, բայց նաև հասկացա, որ ինձ շատ կարևոր առաքելություն է վստահված: Վերջին ամիսների ընթացքում բազում նամակներ և շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բոլոր ծայրերից: Շնորհակալ եմ, և իսկապես երջանիկ եմ, որ դարձել եմ այս մեծ ընտանիքի մի մասնիկը:

Մի փոքր կպատմե՞ք Գերմանիայի Ձայնը նախագծում Ձեր մասնակցությունից: 

Կարծում եմ Գերմանիայի Ձայնը նախագիծը հրաշալի ինքնազարգացման հարթակ է բոլոր երիտասարդ արտիստների համար, և ես բացառություն չէի: Ինձ հնարավորություն ընձեռվեց կողք-կողքի աշխատել Գերմանիայում երաժշտության ոլորտի առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև զարգացնել իմ վոկալային տվյալները և կենդանի երգելու ունակությունները: Այս նախագիծն իսկապես շատ կարևոր փուլ էր իմ կյանքում:

Մենք գիտենք, որ վերջին ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը բազում երգեր է ստացել աշխարհի տարբեր ծայրերից: Իսկ դուք ի՞նչ երգով կցանկանայիք ներկայանալ Եվրատեսիլ 2016-ում:  

Ես շատ կուզենայի, որ իմ երգի հիմքում ընկած լիներ հիշվող և ազդեցիկ հնչյուններով մեղեդի: Դուք իրավացի եք, վերջին երեք ամիսների ընթացքում մենք հարյուրավոր երգեր ենք ստացել՝ Հունաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հայաստանից և շատ այլ երկրներից: Ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից, և շնորհակալություն հայտնել բոլոր այն երգահաններին, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին մեր մրցույթին: Մենք արդեն ընտրել ենք մի քանի ստեղծագործություն, և հիմա աշխատում ենք երգի վերջնական տարբերակի վրա:  

Հայաստանը մրցույթին իր մասնակցության ընթացքում երկու անգամ է հայտնվել լավագույն հնգյակում: Այդ երկու երգերից մեկը Սիրուշոյի ‹‹Քելե - քելեն›› էր, որի խոսքերի մի հատվածը հայերենով էր գրված: Գուցե հենց դա՞  էր երգի հաջողության գաղտնիքը: Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել, որ Ձեր երգում կարող է հայերեն հատված լինել:

Ըստ իս ամենակարևորը երգի ասելիքն է` անկեղծ զգացմունքները, որ եկել են հեղինակի և երգչի սրտից: Եվ էական չէ խոսքերը կլինեն անգլերեն, թե հայերեն, կարևորը հանդիսատեսին այդ զգացմունքները փոխանցելն է: Այդուհանդերձ կարծում եմ , որ երգում միաժամանակ հայերեն և անգլերեն խոսքեր ունենալը հետաքրքիր էքսպերիմենտ է:

Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելը Ձեզ համար ...

Մեծ պատիվ է: Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ հենց ինձ է վստահված այս կարևոր առաքելությունը: Նաև ուզում եմ նշել, որ ես երկար տարիներ հետևել եմ մրցույթին, և մեծ երկրպագու եմ: Շատ ուրախ եմ, որ այս տարի ես ևս դարձա Եվրատեսիլյան մեծ ընտանիքի անդամ: 

Իսկ ե՞րբ եք պատրաստվում հանդիսատեսին ներկայացնել Ձեր երգը:

Ես շատ եմ ուզում, որ երգի պրեմիերան մեծ անակնկալ լինի բոլորի համար: Այս պահին միայն կարող եմ ասել, որ գալիք ամիսը շատ ծանրաբեռնված է լինելու ինձ համար:

Եվրատեսիլի պատմության մեջ, որն է Ձեր ամենասիրելի երգը:

Օ՜, շատ երգեր կան: Ամենասիրելիներից են Արամ MP3-ի  ‹‹Not alone›› –ը,  այս տարի Բելգիան ներկայացնող Լոիկ Նոտտեի երգը, և ABBA խմբի ‹‹Waterloo›› երգը՝ Եվրատեսիլի դասականներից է: 

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

Սիդնի Շելդոնի ‹‹Անծանոթը հայլու մեջ››: Շատ զգացմունքային պատմություն է:

Ամենասիրելի ֆիլմը:

Նյու Յորքի փողոցները: Հետաքրքիր սյուժեով ֆիլմ է, և ըստ իս, Լեոնարդո ԴիԿապրիոյի ամենագեղեցիկ դերակատարումներից է:

Ամենասիրելի ուտեստը:

Հարիսա:

Ամենասիրելի մարզաձևը:

Գեղասահք: Երբ փոքր էի, փորձեցի զբաղվել այս մարզաձևով, բայց այդպես էլ հաջողության չհասա:

Ամենասիրելի երգիչը, խումբը:

Թինա Թըրնրը, Ֆեթ Ֆրեդդիս Դրոփ և Իմեջին Դրեգնս խմբերը: Ես երաժշտական տարբեր ժանրեր եմ սիրում, և երբեք չեմ կողմնորոշվում, թե որն է իմ ամենասիրելին:

Ամենասիրելի երգը:

Էթթա Ջեյմսի ‹‹Էթ լասթ›› երգը:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Հաջողություն ենք մաղթում Ձեզ Եվրատեսիլ 2016-ում