09.05.2015

Սիրուշոյի անակնկալը՝ Genealogy խմբի անդամներին

 «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, սիրված երգչուհի Սիրուշոն անակնկալ է մատուցել  «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի անդամներին: Սիրուշոն փորձերից մեկի ընթացքում անսպասելի այցելել է մասնակիցներին, ծանոթացել նրանց հետ, կիսվել իր եվրատեսիլյան փորձով, ունեցած տպավորություններով:
Երգչուհին, վերհիշելով իր մասնակցության տարում ունեցած ծանրաբեռնվածությունը, անվերջ ձգվող փորձերը, շրջագայություններն ու տպավորությունները, Genealogy խմբի անդամներին խորհուրդ է տվել կենտրոնանալ իրենց ելույթի վրա՝ չմտածելով որեւէ այլ բանի մասին: «Որքան էլ լավ անեք Ձեր գործը, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ դա պետք էր անել այլ կերպ: Պետք չէ ուշադրություն դարձնել դրա վրա: Արեք այն, ինչ ձեր սիրտն է ասում եւ միտքը թելադրում. երգեք սրտի խորքից»,- նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ մեծ հաճույք է լինել եվրատեսիլյան հյուրընկալ ընտանիքի անդամ:
Սիրուշոն կարեւորել է նաեւ մասնակիցների անհատականության ներկայացումը բեմի վրա: «Անհատականությունը կարեւոր է. հավանաբար ամենակարեւոր բաներից մեկը: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Թող մարդիկ տեսնեն ով եք դուք իրականում»,- ասել է նա:
Ողջունելով մրցույթին այս տարվա հայաստանյան մասնակցության ձեւաչափը՝ Սիրուշոն հաջողություն է մաղթել Genealogy խմբին, քաջալերել ու վստահեցրել մասնակիցներին, որ եթե հավատան ուժերին ու սրտանց երգեն, անպայմանորեն կունենան տպավորիչ եւ հիշարժան ելույթ: Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել երգչուհուն՝ իրենց այցելելու եւ իր փորձով կիսվելու համար: Մասնակիցները նաեւ նշել են, որ կանեն առավելագույնը բեմում լավագույնս ներկայանալու համար. չէ՞ որ բեմում նրանք կլինեն ոչ թե 6 հոգով, այլ կներկայացնեն 13 մլն հայերի: 
Հանդիպման ավարտին Genealogy խմբի անդամներն եւ Սիրուշոն միասին տարբեր կատարումներով են հանդես եկել, վերհիշել ճանաչված ու սիրելի երգեր:

Հիշեցնենք, որ Սիրուշոն  «Եվրատեսիլ»-ին  մասնակցել է 2008 թ-ին՝ ներկայացնելով «Քելե-Քելե» երգը: Նրա գրավել է 4-րդ հորիզոնականը: Այժմ էլ Սիրուշոն ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում: Վերջերս նա ներկայացրել է “Where were you” (Կգա մի օր) երգը: