25.12.2016

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Արծվիկը

Արծվիկի հաղթանակով ավարտվեց Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագիծը: Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միասնական արդյունքներով` Արծվիկն արժանացավ առավելագույն միավորների եւ հնարավորություն ստացավ Հայաստանը ներկայացնելու եվրոպական ամենահայտնի երգի մրցույթում` «Եվրատեսիլ»-ում:

Եզրափակիչ փուլի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին` երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը (Ռուսաստան), կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ահարոնյանը (Ֆրանսիա), օպերային երգչուհի Անաիս Հեղոյանը (Միացյալ Թագավորություն), երաժիշտ, կոմպոզիտոր Կարեն Ասատրյանը (Ավստրիա), ռեժիսոր-խորեոգրաֆ Արթուր Գուրունլյանը (Միացյալ Թագավորություն), երգչուհի Իսկուհի Աբալյանը (Բելառուս), ջազ-էթնո-փոփ երգչուհի Ռիտա Մովսեսյանը  (Ավստրիա):

«Եվրատեսիլ-2017»-ը կկայանա Կիեւում, իսկ մինչ այդ մրցույթին մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, կարող է լինել ցանկացած լեզվով, ցանկացած ժանրի եւ պետք է  նախկինում հրապարակված չլինի:

Երգն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը` ուղարկելով այն [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: