18.12.2016

Արծվիկ կամ Մարտա. Նրանցից մեկը կլինի Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ-2017»-ում

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով` մրցույթում պայքարը շարունակում են Արծվիկը եւ Մարտան: Նրանք հնարավորություն ստացան ելույթ ունենալու նախագծի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: 

Արդյունքները ձեւավորվել են միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության արդյունքում: 

Ձեւավորված ընդհանուր պատկերը հետեւյալն էր. ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականում Արծվիկն էր` ընդհանուր 62 միավորով, երկրորդ հորիզոնականում Մարտան` 61 միավորով, երրորդ տեղում էր Սյուզաննա Մելքոնյանը` 54 միավորով եւ Իջինը` 43 միավորով:   

Միջազգային ժյուրին մասնակիցներին գնահատել է 1-4 միավորի շրջանակում` ամենից շատ հավանած մասնակցին տալով առավելագույն 4 միավոր: Ժյուրիի նախագահն էր շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, ով ժամանել էր Հայաստան եւ մասնակցում էր նախագծի նկարահանումներին: Ժյուրիի կազմում էին նաեւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ անմիջական կապ ունեցող մասնագետներ` երաժիշտներ, ռեժիսորներ, երաժշտական պրոդյուսերներ, պատվիրակության ղեկավարներ: Նրանք են` Սաշա Ժան Բատիստեն Շվեդիայից, Օլգա Սալամախան Բելառուսից, Աուդրիուս Գիրզադասը Լիտվայից, Մարտ Նորմետն Էստոնիայից,  Նոդիկո Թաթիշվիլին եւ Սոֆո Ջելովանին Վրաստանից, Կլիտոս Կլիտուն Կիպրոսից, Գորդոն Բոնելոն Մալթայից, Յոաննա Լեվիեվան Բուլղարիայից, ինչպես նաեւ եվրատեսիլյան ամենահայտնի «Վիվիբլոգս» միջազգային կայքի փորձագետ- լրագրող Վիլիամ Լի Ադամսը:

Ժյուրիի  բոլոր մասնակիցների տված միավորները գումարվել են իրար եւ դարձել ընդհանրական միավորներ: Քվեարկության արդյունքում 35 միավորի արժանացել է Արծվիկը, 30 միավորի` Սյուզաննա Մելքոնյանը, 24 միավորի` Իջինը եւ 21 միավորի` Մարտան:

Մի փոքր այլ էր sms քվեարկության պատկերը: «Դեպի եվրատեսիլ» նախագծի sms քվեարկության գործընթացն իրականացրել է «Նիկիտա մոբայլ» ընկերությունը: Հայաստանից եւ Արցախից իրականացված քվեարկության համաձայն` 40 միավոր ստացել է Մարտան, 27 միավոր Արծվիկը, 24 միավոր Սյուզաննա Մելքոնյանը եւ 19 միավոր Իջինը:

Ինչպես Հանրայինի բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս դեպքում եւս sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատականերով:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ եւ ինստագրամում։