09.12.2016

«Դեպի եվրատեսիլ». 1-ին կիսաեզրափակչում կմրցեն 6 լավագույնները

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 1-ին կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Լյուսի, Մարտա, Արծվիկ, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Վահե Ալեքսանյան. նրանցից միայն 4-ը հնարավորություն կստանան անցնելու հաջորդ փուլ եւ պայքարը շարունակելու «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու հնարավորության ձեռքբերման համար: 

Նախագծի հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություններ ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ, 03 Իջին, 04 Լյուսի, 05 Սյուզաննա Մելքոնյան, 06 Վահե Ալեքսանյան

Կարճ հաղորդագրություններ կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, յուրաքանչյուր հեռախոսահամարից՝ առավելագույնը 20 անգամ: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): 

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթին, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին հարյուրավոր հայրենակիցներ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.eurovision.am կայքում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբի պաշտոնական ալիքում, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքի պաշտոնական էջում եւ ինստագրամում։