30.06.2016

«Դեպի եվրատեսիլ». Երաժշտական նոր մեգանախագիծ` Հանրայինի եթերում

Հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում եթեր կհեռարձակի  նոր մեգանախագիծ, սպասված երաժշտական հեռուստամրցույթ: Անկախ բնակության վայրից և երաժշտական նախասիրություններից մրցույթին մասնակցելու են հրավիրվում 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ, ձայնային լավ տվյալներով և բեմական կեցվածքով կատարողներ, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ երազել են եվրոպական ամենամեծ երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին: Իսկ եթե տաղանդավոր եք, սակայն վախեցել եք անգամ երազել, ապա Դուք ևս շտապեք դիմել, հնարավոր է հենց Դուք ներկայացնեք Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու և 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները,  ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետևելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»:

Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա որպես մրցանակ ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցություն եվրոպական ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին:

            Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն հուլիսի 7–ից օգոստոսի 25-ը: Նոր մանրամասների մասին կհաղորդենք հաջորդիվ: