-
Song
Բումերանգ
-
Երաժշտության հեղինակ (ներ)
Վահրամ Պետրոսյան
-
Խոսքերի հեղինակ (ներ)
Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան
Միշա (Միքայել Գրիգորյան)
Միշան ծնվել է 2008 թվականին Արցախում, երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի մանկապարտեզում:
Այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում:
Միշան երգեցողությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից եւ կրթվել պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը: Նրա երաժշտական ունակությունները կատարելագործվել են վերոնշյալ «Արցախի ձայներ» խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ:
Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրյուսելում:
Միշան կատարել է System Of A Down խմբի “Lonely Day” երգի քավր տարբերակը, որը հավանության է արժանացել խմբի անդամ Սերժ Թանկյանի կողմից եւ տարածում գտել վերջինիս սոցիալական էջերում:
Միշան բանիմաց ու կենսուրախ պատանի է: Սիրում է լսել երաժշտություն, ընթերցել, դիտել մուլտֆիլմեր, նվագել ջութակ, դաշնամուր եւ հարվածային գործիքներ: Նա երազում է երգել Ռոբերտինո Լորետիի եւ Սթիվի Ուանդերի հետ, մասնակցել Բրունո Մարսի շոուին: Սիրում է կատարել Մայքլ Ջեքսոնի, Սթինգի, Ջեյմս Բրաունի երգերը:
2015 թվականին ներկայացվել է Միշայի առաջին տեսահոլովակը՝ «Փոքրիկ ղարաբաղցի»-ն, որն անմիջապես սիրվել է հանդիսատեսի կողմից: Միշան տվյալ երգի միջոցով եւ ընդհանուր առմամբ ցանկանում է աշխարհին պատմել Արցախի եւ խաղաղության մասին:
2016 թվականին Միշան մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին եւ ներկայացրել Հայաստանը: Փոքրիկ ղարաբաղցին իր կատարումներով գերել է ժյուրիի ու հանդիսականի սրտերը եւ գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը: Եզրափակչի շնորհակալական խոսքում նա բոլոր ներկաներին հրավիրել է Հայաստան եւ Արցախ՝ ծանոթանալու հայկական մշակույթի եւ ժողովրդի հետ:
2017 թվականի մայիսին Միշան մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պարգեւատրման հանդիսավոր արարողությանը եւ շատ հայտնի երգիչների հետ կատարել «Արի, իմ սոխակ» օրորորցայինը եւ իր դյութիչ ձայնով հուզել ներկաներին:
Միշան 2017 թվականին Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում եւ կանցկացվի “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: